Մատչելիության հղումներ

Պուտին. Զելենսկին չի առաջնորդվում Ուկրաինայի շահերով և նախընտրում է պատերազմը


Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե կարծում է, որ Միացյալ Նահանգների նախագահն անկեղծորեն ցանկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարի և փորձում է լուծում գտնել: India Today հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահն ասել է, որ ԱՄՆ-ն և Դոնալդ Թրամփը մարդասիրական, քաղաքական և տնտեսական շարժառիթներ ունեն, թե ինչու պատերազմը պետք է հնարավորինս շուտ ավարտվի։

Պուտինը նաև քննադատել է Ուկրաինայի նախագահին՝ ասելով, որ իր նախորդների պես նա առաջնորդվում է ոչ թե Ուկրաինայի, այլ «մի փոքր խումբ արմատական ազգայնակաների» շահերով և նախընտրում է պատերազմը: Արդեն չորս տարի ձգվող պատերազմը սկսած Կրեմլի ղեկավարի պնդմամբ՝ իշխանության գալիս Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, թե հանուն խաղաղության կանի ամեն ինչ, կզոհաբերի նույնիսկ իր կարիերան, սակայն, ըստ նրա, ամեն ինչ իրականում այլ է:

«Այս ռեժիմը նախընտրում է պատերազմել, և լավ չի անում դա։ Բայց … նրանց համար ամենակարևորն այն է, որ հասկանան՝ այս խնդրի լավագույն լուծումը բանակցությունների սեղանի շուրջ համաձայնության գալն է այն ամենի շուրջ, ինչը փորձում էինք ապահովել 2022-ին», - ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Կրեմլի ղեկավարը նաև պնդել է՝ անկախ Հնդկաստանի վրա ԱՄՆ-ի գործադրած ճնշումներից, որպեսզի Ռուսաստանից նավթ չգնի, էներգակիրների ոլորտում Մոսկվայի և Նյու Դելիի համագործակցությունը մնացել է անփոփոխ:

Ռուսաստանի նախագահի օգնականն էլ ասել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը առաջընթաց են գրանցում բանակցություններում: Յուրի Ուշակովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է շարունակել համագործակցությունը, իսկ Թրամփ-Պուտին հեռախոսազրույց դեռ չի նախատեսվում:

Զելենսկի. Կիևը պատրաստ է ցանկացած զարգացման

Մինչ Պուտինը Կիևին կոչ է անում համաձայնել իր պայմաններին, ուկրաինական հանրային հեռարձակողը հայտնում է, որ Ֆլորիդայում հանդիպել են ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները, որի ընթացքում, ինչպես հաղորդվել էր, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովին պետք է ներկայացներ Կրեմլում Պուտինի հետ հանդիպման արդյունքները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նախագահ Զելենսկին երեկոյան ուղերձում հայտարարել է՝ Ուկրաինան պատրաստ է ցանկացած զարգացման, նրա խոսքով. «Ուկրաինան պատրաստ է ցանկացած սցենարի։ Իհարկե, մենք հնարավորինս կառուցողաբար կաշխատենք մեր բոլոր գործընկերների հետ՝ խաղաղություն և արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար։ Միայն դա կապահովի իրական անվտանգություն»:

The Wall Street Journal-ը հայտնում է, որ եվրոպացի առաջնորդները Զելենսկիի հետ խոսել են Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից առաջ՝ դեկտեմբերի 1-ին և խստորեն խորհուրդ տվել առանց ԱՄՆ-ից անվտանգության ամուր երաշխիքներ ստանալու՝ չհամաձայնել Ռուսաստանի պայմաններին: Ըստ թերթի՝ Ֆրանսիայի նախագահն ասել է՝ ԱՄՆ-ն պետք է հստակ բացատրի, թե ինչպես է պաշտպանելու Ուկրաինային:

Այս ֆոնին Եվրոպան քննարկում է ռուսական սառեցված ակտիվների հարցը, որոնց հաշվին մտադիր են Ուկրաինային վարկ տրամադրել: Բելգիան, որտեղ պահվում է դրանց մեծ մասը, դեմ և պահանջում է, որ ռիսկերը հավասար բաշխվեն:

Գերմանիայի կանցլերը մերժել է ամերիկյան առաջարկը, ըստ որի՝ այդ ակտիվները պետք է տրամադրվեն ԱՄՆ-ին, որն էլ դրանք վերահասցեագրի Ուկրաիային: Ֆրիդրիխ Մերցն ասել է, որ սա Եվրոպայի խնդիրն է:

«Սա նաև Գերմանիայի կառավարության բանակցային դիրքորոշումն է … այս հարցում Եվրոպայում կոնսենսուս կա, որևէ տարաձայնություն չկա։ Այս գումարը պետք է հոսի Ուկրաինա և օգնի Ուկրաինային», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակել է հարվածները, Դնեպրոպետրովսկում 12-ամյա երեխա է սպանվել, ևս մեկը վիրավորվել է։

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Սիզրան քաղաքի նավթավերամշակման օբյեկտին, Կրասնոդարի Թեմրյուկ քաղաքի նավահանգստին, նաև Բելգորոդին, որտեղ ութ մարդ է տուժել:

Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ անօդաչուն հարվածել է Չեչնիայի մայրաքաղաքում գտնվող «Գրոզնի Սիթի» երկնաքերին, որը 800 մետր է հեռու երկրի ղեկավար Ռամզան Կադիրովի նստավայրից:

XS
SM
MD
LG