Մատչելիության հղումներ

Պուտին. Ռուսաստանը կա՛մ ռազմական, կա՛մ այլ ճանապարհով ամբողջությամբ կվերցնի Դոնբասը


Վլադիմիր Պուտին, Սթիվ Ուիթքոֆ, Ջարեդ Քուշներ, կոլաժ
Վլադիմիր Պուտին, Սթիվ Ուիթքոֆ, Ջարեդ Քուշներ, կոլաժ

Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Կրեմլում հանդիպելուց երկու օր անց կրկին սպառնացել է՝ Ռուսաստանը կա՛մ ռազմական, կա՛մ այլ ճանապարհով ամբողջությամբ կվերցնի Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, այսինքն՝ ամբողջ Դոնբասը:

Հնդկաստան կատարելիք այցից առաջ India Today-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահն ընդգծել Է՝ ուկրաինական զորքը ստիպված կլինի դուրս գալ այդ տարածքներից:

«Ամեն ինչ հանգում է դրան։ Կա՛մ մենք ազատագրում ենք այս տարածքները զենքի ուժով, կա՛մ ուկրաինական զորքերը լքում են այս տարածքները և դադարեցնում այնտեղ կռվելը», - ասել է Պուտինը:

Սպառնալիքներին զուգահեռ, Վլադիմիր Պուտինը նաև առաջին անգամ խոսել է Կրեմլի հանդիպման մասին՝ ասելով, որ այն «շատ օգտակար էր»: Կրեմլի ղեկավարն ասել է, որ հանդիպմանն անդրադարձել են ամերիկյան բոլոր՝ 27 առաջարկներին, որոնք ներկայացված էին չորս փաթեթով: Դրանք, ըստ ՌԴ նախագահի, հիմնված էին Ալյասկայի պայմանավորվածությունների վրա, և որոշ հարցերի Մոսկվան համաձայնել է, իսկ մյուսները՝ մերժել: Պուտինը նաև ասել է, որ խնդրի կարգավորումը բարդ է, իսկ Եվրոպան պետք է նպաստի գործընթացին, ոչ թե խոչընդոտի:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն, իր հերթին, հայտարարել է, որ եթե Եվրամիությունն Ուկրաինային «վարկ տրամադրելու քողի տակ գողանա» ռուսական սառեցված ակտիվները, ապա Մոսկվան դա կարող է պատերազմ հրահրելու գործողություն համարել՝ ԵՄ-ի և առանձին երկրների համար դրանից բխող հետևանքներով։

ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ զգուշացրել է, որ եթե Եվրամիությունը գնա այս սցենարով, ապա ամենակոշտ պատասխանը կստանա:

«Անշուշտ, մեր պետական պահուստների և ակտիվների հետ կապված ցանկացած անօրինական գործողություն անպատասխան չի մնա։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք։ Նման արձագանք կտանք ոչ միայն մենք, այլև, իհարկե, միջազգային հանրությունը», - ասել է Զախարովան:

Ու մինչ Մոսկվան կրկին սպառնում է, Ուկրաինայի գլխավոր բանագնաց Ռուստեմ Ումերովը մեկնում է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Ուիթքոֆի հետ, որը նրան կներկայացնի Պուտինի հետ դեկտեմբերի 2-ի հանդիպման արդյունքները: Երեկ էլ ուկրաինական պատվիրակության ղեկավարը խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան ասել է, որ Ումերովը հեռախոսազրույց է ունեցել Ուիթքոֆի հետ, սակայն քանզի սա նուրբ հարց է անվտանգության նկատառումներով, որոշվել է մանրամասները քննարկել դեմ առ դեմ:

«Նրանց գնահատմամբ՝ Մոսկվայի բանակցությունները դրական նշանակություն ունեն խաղաղության գործընթացի համար ... Եվ նրանք ուկրաինական պատվիրակությանը հրավիրեցին առաջիկայում բանակցությունները շարունակել ԱՄՆ-ում», - նշել է Սիբիգան:

Այսօր էլ ԵԱՀԿ նիստին հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է «իրական խաղաղություն, այլ ոչ թե հաշտեցում» Ռուսաստանի հետ, քանզի խաղաղության անարդար համաձայնությունները աղետի են հանգեցնում:

Չնայած Կրեմլի հանդիպումից հետո Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ փոխզիջումային լուծում դեռ չկա, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ Ուիթքոֆի ու Քուշների հանդիպումը «բավականին լավ» է անցել: ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, թե այդ հանդիպումից տպավորություն է ստեղծվել, որ ռուսական կողմը «շատ» է ցանկանում համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու հարցում, և հավելել է, որ ամեն դեպքում պարզ չէ, թե ինչ կլինի:

«Նախագահ Պուտինը շատ լավ հանդիպում է ունեցել Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի հետ։ Ինչ դուրս կգա այդ հանդիպումից, չեմ կարող ասել, որովհետև համագործակցելու համար երկու կողմ է հարկավոր», - նշել է Թրամփը:

Բրյուսելում երեկ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքներով դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշնակիցների մեծ մասը՝ երկու երրորդը, պատրաստ է ֆինանսավորել Ուկրաինայի համար զենքի գնումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտնել է, որ երկու երկիր պլանավորում է քննարկել այս հարցը, ևս երկուսը՝ Ավստրալիան և Նոր Զելանդիան, խոստացել են միանալ այդ երկրներին: Ռյուտեի խոսքով՝ դաշնակիցները պլանավորում են մինչև տարեվերջ մոտ 5 միլիարդ դոլարի զենքի մատակարարում ֆինանսավորել:

«Սակայն մենք պետք է ավելին անենք, և բոլոր դաշնակիցները պետք է իրենց ներդրումն ունենան՝ ապահովելու, որ պատրաստ լինենք։ Նաև պատասխանատվությունը պետք է արդարացիորեն բաշխվի», - նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը:

Այս ընթացքում կողմերը շարունակել են հարվածները: Խերսոնում էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների հետևանքով հազարավոր մարդիկ առանց ջեռուցման ու էլեկտրաներգիայի են մնացել: Օդեսայում ռուսական հարվածների հետևանքով վիրավորվել է վեց մարդ, վնասվել է էլեկտրակայան։ Դոնեցկի մարզի Սլավյանսկ (Սլովյանսկ) քաղաքում առնվազն ութ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա:

«Ապակու բեկորները հարվածեցին ինձ։ Ահա արդյունքը: Տեսնո՞ւմ եք: Ես նստած էի աթոռին, և ամեն ինչ ընկավ վրաս։ Բոլոր ապակիները, բոլոր դռները, ամեն ինչ թափվեց վրաս։ Այսքանը», - պատմում է Սլավյանսկի Մարինա անունով բնակչուհին:

«Ես հայ եմ, այստեղ եմ եկել 1988-ի երկրաշարժից հետո։ Այն ժամանակ տունս, ամեն ինչ 10 րոպեում ավերվեց: Այստեղ եկանք երեք երեխայով՝ նրանց այստեղ մեծացնելու։ Սկսվեց պատերազմը, և հիմա ես այստեղ եմ կորցնում ամեն ինչ։ Երկրորդ անգամ եմ անցնում այդ ամենի միջով: Այն ժամանակ երկրաշարժ եղավ, և 10 րոպեում ողջ քաղաքը վերացավ։ Իսկ հիմա դա տեղի է ունենում քիչ-քիչ», - ասում է Սլավյանսկի բնակիչ Ռաֆիկ Կարապետյանը:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է ռուսաստանյան մի շարք շրջանների: Ուկրաինական բանակի ղեկավարը հայտարարել է, որ շարունակում են վերահսկողության տակ պահել Պոկրովսկի հյուսիսային հատվածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG