Արշակ սրբազանը կալանավորվեց 2 ամսով

Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը և Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք, հայտարարել է սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Արշակ արքեպիսկոպոսի կալանքի միջնորդության հարցը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը, ով կալանավորելու որոշում էր կայացրել Միքայել սրբազանին, Բագրատ սրբազանին: Նիստից առաջ փաստաբանները հայտնեցին, որ Արշակ սրբազանը պատրաստ է միանալ կալանավորված մյուս բարձրաստիճան հոգևորականներին:

Սրբազանի փաստաբանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ արքեպիսկոպոսի դեմ ուղիղ ցուցմունք չկա։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ: Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է: Փաստաբան Արսեն Բաբայանը «անհեթեթ» էր համարել 7 տարվա վաղեմության մեղադրանքը և պնդել, որ նրա դեմ ուղիղ ցուցմունք չկա։