Երրորդ օրն է՝ ամերիկյան լրատվամիջոցները քննարկում, քննադատում կամ արդարացնում են Ադրբեջանից շուրջ կես միլիոն դոլարի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող կոնգրեսական Հենրի Քյուելարին ներում շնորհելու՝ նախագահ Թրամփի որոշումը։
Տեքսասից ընտրված դեմոկրատը կոռուպցիոն սկանդալի մեջ էր հայտնվել անցած տարի, ամերիկացի իրավապահները պնդել էին, թե կոնգրեսականը տարիներ ի վեր անօրինական գումարներ է ստացել ադրբեջանական SOCAR-ից, մշտական կապի մեջ եղել Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպանի ու այլ դիվանագետների հետ՝ նրանց խոստանալով Կոնգրեսում առաջ տանել ադրբեջանամետ օրինագծեր։
Թրամփ․ «Նա շատ հարգված անձնավորություն է»
ԱՄՆ նախագահը, մինչդեռ, պնդում է, թե Քյուելարը «շատ հարգված անձնավորություն է» և անարդար հետապնդման զոհ է դարձել․ ըստ Դոնալդ Թրամփի՝ նախկին նախագահ Ջո Բայդենը իր թիմակցի դեմ արշավ էր սկսել, քանի որ նա սկսել էր խոսել դեմոկրատների որդեգրած ներգաղթի քաղաքականության դեմ։
«Նա ներկայացնում է սահմանին ապրող մարդկանց շահերը, և տեսնում էր՝ ինչ է կատարվում։ Եվ երբ այդ հայտարարությունն արեց, ես ասացի՝ գրազ կգամ, հիմա նրան մեղադրանք է առաջադրվելու, և այդպես էլ եղավ», - հայտարարել է Թրամփը:
Նա, սակայն, ոչ լրագրողների հետ զրույցում, ոչ էլ իր Truth Social ցանցում արած գրառման մեջ չի հիշատակել մեղադրական եզրակացությունը, որի համաձայն` Քյուելարը՝ տիկնոջ հետ, 2014-2021 թվականներին կաշառք է ստացել կեղծ ընկերությունների ու պայմանագրերի միջոցով, զբաղվել փողերի լվացմամբ ու պաշտոնի չարաշահմամբ։ Դատական փաստաթղթերը պնդում են, որ նա շարունակական կապի մեջ է եղել ադրբեջանցի դիվանագետների հետ ու նրանց ուղղորդմամբ պարբերաբար, այդ թվում՝ ապրիլյան պատերազմից ու 44-օրյա պատերազմից հետո, նամակներ հղել Ամերիկայի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մեղադրելով Հայաստանին «Ռուսաստանի շահերը սպասարկելու», Ադրբեջանով անցնող խողովակաշարերը վտանգի տակ դնելու համար։ 2017-ից նա աջակցել է Լեռնային Ղարաբաղին ամերիկյան մարդասիրական օգնության տրամադրումը տապալող ջանքերին՝ այդ թեմայով ևս կապի մեջ լինելով ադրբեջանցիների հետ։ 54-էջանոց մեղադրական եզրակացությունը կազմվել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ երկու տարի շարունակված քննությունից և ոչ թե կոնգրեսականի՝ ներգաղթը քննադատող հայտարարություններից հետո։
«Ներում շնորհելով այս մարդուն՝ նախագահ Թրամփն օրինականացնում է կոռուպցիան»
«Ներում շնորհելով այս մարդուն՝ նախագահ Թրամփն օրինականացնում է կոռուպցիան», - PBS-ին ասել է նախկին վարչակազմի ներման հարցերով փաստաբան Լիզ Օյերը: - «Նա բառացիորեն ներում է շնորհել հանրային պաշտոնյայի, որին մեդադրանք էր առաջադրված հարստանալու նպատակով իր լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում, այս կոնգրեսականի դատը դեռ չէր սկսվել, և եթե, ինչպես Թրամփն է ասում, նրա դեմ հետապնդումն անարդար էր, դա կարող էր ապացուցվել դատարանում։ Սակայն նախագահը մինչ այդ որոշեց միջամտել և ներում շնորհել»։
Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ կոնգրեսականը 2013-ին այցելել է Ադրբեջան, երկու տարի անց՝ հայտարարել Տեքսասի համալսարանի և «Ադրբեջանի բարեկամների ասամբլեա» կոչվող կազմակերպության միջև համաձայնագիր կնքելու մասին՝ նավթի և գազի հետազոտությունների ոլորտում համագործակցության նպատակով: Մեղադրականի հիմքում ընկած նամակագրություններից դատելով՝ ադրբեջանցի դիվանագետները նրան դիմել էին «Էլ Ջեֆե» («Շեֆ») մականունով, կոնգրեսականն էլ ի պատասխան քանիցս խոստացել էր օգնել ու «ամեն ինչ անել»՝ Ադրբեջանի համար բարենպաստ օրինագծերն առաջ տանելու համար։
Քուելյարն ու կինը հերքում են
Քուելյարն ու կինը, սակայն, հերքում են մեղադրանքները։
«Ես շնորհակալ եմ նախագահ Թրամփից՝ ինձ ներում շնորհելու համար, և ուզում եմ շեշտել՝ որևէ վկայություն չկա, որ ես գումար եմ վերցրել ինչ-որ ծառայություն մատուցելու համար», - հայտարարել է կոնգրեսականը:
Ի դեպ, տարիներ շարունակվող հետաքննությունից հետո Տեքսասի դատավորը որոշել էր չեղարկել առաջադրված 14 մեղադրանքներից երկուսը, բուն դատավարությունն էլ հետաձգել մինչև հաջորդ տարի։ Որոշումը կայացվել է այս տարվա օգոստոսին․ դրանից ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հյուրընկալել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու Հայաստանի վարչապետին։
«Թրամփի կողմից կոնգրեսական Քուելյարի ներումը Սպիտակ տան տանիքին տեղադրված գովազդային վահանակ է, որն աշխարհին հայտարարում է, թե Վաշինգտոնում հնարավոր է վճարել ու պատվիրել երաժշտությունը», - հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, հավելելով՝ սրանով Ամերիկան վեր է դասում ոչ թե սեփական, այլ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը։
Գործով անցնող երեք այլ անձինք, ի դեպ, իրենց մեղավոր են ճանաչել, նրանց թվում է Իրադա Ախունդովան, ով երկար ժամանակ եղել է Հյուստոն-Բաքու քույր քաղաքների ասոցիացիայի նախագահն ու խոստովանել է, որ ապօրինի 60 հազար դոլար է փոխանցել կոնգրեսականի տիկնոջը՝ հանուն Ադրբեջանի պետական շահերի։