«Փորձում են թուլացնել Վեհափառին». Կալանավորված Արշակ սրբազանը մեղադրվում է թմրամիջոց իրացնելու հոդվածով

«Կարող են իմ հետևից էլ գալ, իմ առաջից էլ գալ, որևէ ձևով կաշկանդված չեմ, որևէ խնդիր չեմ տեսնում: Կարծում եմ՝ ո՛չ այն տարիքում եմ, ո՛չ էլ այն վիճակում եմ, որ որևէ քայլ կատարելուց առաջ հնարավոր հետևանքների մասին չպատկերացնեմ», - Մայր Աթոռի դիվանապետի այս հայտարարությունից մի քանի օր անց Քննչական կոմիտեն մեղադրանք առաջադրեց նրան, դատարանն էլ այսօր կալանավորեց երկու ամսով: Արշակ Սրբազանին մեղադրում են դեռ 2018 թվականին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով: Նա մեղքը չի ընդունում:

Դատական նիստից հետո փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարեց՝ այլ որոշում դատավոր Մասիս Մելքոնյանից չէին էլ սպասում. «Որևէ մեկը կա՞ր, որ դեռ երեկ չգիտեր, որ 2-ամսյա կալանքը լինելու է», - ասաց Բաբայանը:

«Դատավոր Մելքոնյանը, որ վերջին կես տարում կալանավորել է նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք գործիչների, ընդունեց Քննչականի պնդումները, որ ազատության մեջ Մայր Աթոռի դիվանապետը կխոչընդոտի գործի քննությանը: Մինչդեռ, մեր որևէ փաստարկ դատարանը չընդունեց»,- «Ազատությանը» փակ նիստից մանրամասներ պատմեց մյուս փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Առաջին հերթին՝ հաշվի առնելով իր դիրքը եկեղեցու ներսում, փորձում են մեկուսացնել, թուլացնել Վեհափառին: Երկրորդը՝ դրանով փորձում են մյուս սրբազանների մոտ վախ առաջացնել և ինչ-որ չափով ցույց տալ, որ «տեսեք՝ եթե Արշակին կալանավորեցինք, հաջորդիվ՝ հեսա գալու ենք ձեր հետևից»: Հասկանալով, որ Վեհափառը պինդ է, իր կողքին ունի նվիրյալներ, ես չեմ զարմանա, որ հաջորդիվ փորձեն գնալ նաև Վեհարան, փորձեն նաև Վեհափառին ձերբակալել», - լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Ինչո՞ւ Քննչականը դեռ 7 տարի առաջ հարուցված գործի շրջանակում միայն նոր սկսեց գործողություններ իրականացնել այն բարձրաստիճան հոգևորականի նկատմամբ, որը մայիսից կաթողիկոսի հետ միասին հայտնվել է վարչապետ Փաշինյանի քննադատության թիրախում: Քննչականից առայժմ այս հարցերին չեն պատասխանում:

«Այս գործը ոչ միայն շինծու է, այլև ծիծաղելի է, աբսուրդային է, բանական մարդը այս նյութը կարդալու դեպքում՝ կհասկանա, որ սա քաղաքական հետապնդման, բռնաճնշման, ռեպրեսիայի ցայտուն դրևսորում է», - պնդում է Արշակ արքեպիսկոպոսի փաստաբաններից Սերգեյ Հարությունյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտադիր են շարունակել խաչերթերն ու բողոքի ակցիաները

Փաստաբանի խոսքով, ըստ մեղադրանքի, 7 տարի առաջ կաթողիկոսի հրաժարականի պահանջով անցկացվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ակցիայի ժամանակ Արշակ արքեպիսկոպոսը փորձել է հեղինակազրկել մասնակիցներից մեկին՝ պայուսակի մեջ թմրամիջոց գցելով: Բայց ո՛չ ապացույց կա, ո՛չ էլ նրա դեմ ցուցմունք, հավաստիացնում է փաստաբանը: Փաստաբանը նկատում է՝ փաստացի տարիներ անց անազատության մեջ է հայտնվել ոչ թե թմրամիջոց պահողը, այլ՝ Արշակ սրբազանը: Եվ Արշակ սրբազանով իրավապահները սկսեցին հետաքրքրվել հենց միայն այն ժամանակ, երբ վարչապետը սկսեց կաթողիկոսին ու մյուս բարձրաստիճան հոգևորականներին թիրախավորել: Կալանավորված Արշակ սրբազանի փաստաբանի խոսքով.- «2025 թվականի հուլիսին արդեն ուղղվածությունը նախորդ 18 թվականի գործից տեղափոխվում է դեպի Արշակ սրբազան, պահվում է այս գործը, երբ գործիքակազմը չի հերիքում այլ կերպ դեպի եկեղեցի գնալու, անհրաժեշտ պահին օգտագործվում է մեկօրյա էն փութաջան, ջանասիրաբար, ցայտնոտ ռեժիմով հասնում ենք նրան, որ այսօր՝ այս պահին, Արշակ սրբազանը կալանավայրում է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մայր Աթոռը դատապարտում է Արշակ արքեպիսկոպոսի կալանավորումը

Մայր Աթոռն այսօր խստորեն դատապարտել է Արշակ արքեպիսկոպոսի կալանավորումը, նրա նկատմամբ մեղադրանքը «մտացածին ու անհիմն» համարելով: Էջմիածինը սա դիտարկում է որպես «Եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների և հոգևորականների նկատմամբ քաղաքական հետապնդման շարունակություն»: Մայր Աթոռը պահանջում է անհապաղ դադարեցնել բանտում գտնվող բոլոր հոգևորականների հետապնդումները:

Արշակ սրբազանն, ի դեպ, կալանքը կկրի ԱԱԾ տարածքում գտնվող բանտում, որտեղ պահվում են նաև Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսները: