Հայաստանում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության պետնախարարը

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Հայաստանում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊՆ լրատվականի փոխանցմամբ՝ Պապիկյանը և Քոքերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը վերաբերող հարցեր, դրական են գնահատել համագործակցության ընթացիկ մակարդակը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն: Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ում և ՄԹ-ում ռեզիդենտ ռազմական կցորդների նշանակման կարևորությունը՝ նշելով, որ այդ քայլը կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնմանը:

Քննարկվել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Կառավարության լրատվականի հաղորդագրության համաձայն՝ բրիտանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ վարչապետն ընդգծել է երկու երկրների միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։

Վերնոն Քոքերը շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր խթան կհաղորդի բազմաոլորտ կապերին և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարարը գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ արդեն իսկ ունեցած քննարկումներից և նշել, որ պատրաստ են շարունակել սերտ երկխոսությունը՝ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու նպատակով։

Զրուցակիցները կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ռազմական կրթության, կիբեռանվտանգության ոլորտներում։

Քոքերը շեշտել է Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության ամրապնդման գործում՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու համագործակցության խթանմանը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Մտքեր են փոխանակվել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը շահագրգռված է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված հռչակագրում ամրագրված սկզբունքների շրջանակում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ և այդ նպատակով միջազգային ներդրումների ներգրավմամբ:

Այս տարվա հոկտեմբերին Բրիտանիան հայտարարեց, որ վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն, օգոստոսին էլ երկու երկրները համաձայնել էին բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բրիտանիան վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոնԵրևանն ու Լոնդոնը համաձայնել են բարձրացնել հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակիՄիրզոյանը Լոնդոնում է՝ մասնակցելու Հայաստան - Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության առաջին նիստին