Արշակ արքեպիսկոպոսը ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն կա

Ազգային անվտանգության ծառայությունը Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը: Քրեական դատարանից «Ազատությանը» հայտնեցին, որ Արշակ սրբազանի կալանքի միջնորդության քննությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը, ով կալանավորելու որոշում էր կայացրել Միքայել սրբազանին, Բագրատ սրբազանին: Արսեն Բաբայանի փոխանցմամբ՝ դատական նիստը նշանակվել է առավոտյան ժամը 09։30-ին։

Քննչական կոմիտեից նշել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Փաստաբանն ավելի ուշ մանրամասնել է, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ:

Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները մտադիր են շարունակել խաչերթերն ու բողոքի ակցիաները

2018թ. հունիսին կաթողիկոսի հրաժարականի պահանջով ակցիաներ ու խաչերթեր էին անցկացվել: Հրաժարականը պահանջող խմբի անդամները պնդում էին՝ Գարեգին Երկրորդն իրականությունից կտրվել է, որպես հոգևոր առաջնորդ նա այլևս ընդունված ու սիրված չէ ժողովրդի կողմից։