«Ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ, ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին», - վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառի հասեցին այս լուրջ մեղադրանքը հնչեցրեց այս շաբաթ՝ խորհրդարանի ամբիոնից, արդարացնելով կաթողիկոսի դեմ սկսած իր արշավը:
«Տարբերակ չունի, պետք է գնա, նույնիսկ ավագ և կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, օտարերկրյա ծառայությունների գեներալներն ու գեներալ - գնդապետները չեն փրկի», - հայտարարել է վարչապետը:
Իսկ կոնկրետ ո՞ր երկրի հատուկ ծառայության լեյտենանտին կամ մայորին է ենթարկվում և ամենաօրյա ռեժիմով զեկուցում կաթողիկոսն, ըստ վարչապետի: Ավագ լեյտենանտի երկրի պատկանելիության մասին Փաշինյանը ոչինչի չասաց, բայց ըստ էության մեղադրելով կաթողիկոսին օտարերկրյա գործակալ լինելու մեջ, վարչապետը նախօրեին կառավարությունում նաև պնդեց, որ եկեղեցու դրսից կառավարվելու փաստն այնքան ակնհայտ է, որ անգամ ուսումնասիրության կարիք չկա:
«Ուսումնասիրելու բան էլ չկա, պետք է ուղղակի ուշադիր նայել և տեսնել էն, ինչ կատարվում, ուսումնասիրում են անհայտը, բայց ակնհայտը ինչո՞վ ուսումնասիրես», - ասել է վարչապետը:
Եթե ամեն ինչ այդքան ակնհայտ է, և ինչպես պնդում է Փաշինյանը, միայն նայելով կարելի է տեսնել, ապա ինչո՞ւ գործի չեն անցնում իրավապահ մարմինները: Հարցն այսօր խորհրդարանում բարձրացնում էին ընդդիմադիր պատգամավորները. «Եթե մեկին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, պետք է գործ բացվի, այսինքն՝ ինքը ասում է, որ կա մարդ, ում ինքը կասկածում է գոծակալ լինելու մեջ, ու որևէ գործողություն դրան չի հետևում»:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Փաշինյանի այս հայտարարություններին պետք է հետևեն գործողություններ՝ կոնկրետ հոդվածներով. «եթե եկեղեցականներին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետք է բացվի էդ հատկանիշով, և ոչ թե ջեբը պլան գցելու, հազար ներողություն»:
«Եթե մենակ ինքն է օդում կախված լուրերով խոսում որոշ մարդկանց գործակալական կապերի մասին, բայց Հայաստանի Հանրապետության և ոչ միայն Հայաստանի Հանրապետության, հայության ճնշող մեծամասնությունը որևէ կասկած չունի, թե ում հրահանգներն է կատարում Նիկոլ Փաշինյանը ու այստեղ արդեն մայորի մակարդակ չի, իրեն ավելի բարձր, բայց շատ ավելի թշնամական երկրներից էլ են խորհուրդներ տալիս», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, երբ խոսում էր կաթողիկոսի դեմ վարչապետի սկսած արշավի մասին, հորդորում էր հասկանալ դրա խորքային պատճառները, և ոչ թե կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչո՞ւ է ԱԱԾ -ն համոզում պատարագում չտալ Գարեգին 2 -րդի անունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հաստատում է՝ պատարագներում կաթողիկոսի անունը չհնչեցնելու խնդրանքը փոխանցվում է նաև ԱԱԾ աշխատակիցների միջոցով«Եթե վարչապետի խոսքերին հղում եք անում, ես խորհուրդ կտամ նաև մեկ այլ խոսքի հղում անել, երբ ինքը ասաց, որ մեզ պետք է ոչ թե կաթողիկոս, որը ինձ ենթարկվի, այլ ինձ պետք է կաթողիկոս, որը չպիտի ենթարկվի ինչ-որ այլ երկրի հատուկ ծառայությունների լեյտենանտին», - նշեց նա:
«Ազատության» դիտարկմանը՝ «եթե պնդում եք, որ կաթողիկոսը ենթարկվում է օտարերկրյա գեներալի կամ մայորի, դա լուրջ մեղադրանք է և դրան պետք է հետևեն իրավապահ մարմինների գործողություններ ու ոչ թե պատարագներում տեքստից զեղչում Գարեգին երկրորդի անունը», Բաբկեն Թունյանն արձագանքեց. «Նույն կերպ, եթե պնդում եք, որ ես մեղադրում եմ որևէ մեկին, դա էլ է մեղադրանք, որովհետև ես նման պնդում չարեցի, ես ուղղակի մեջբերեցի վարչապետի խոսքը, դա իրավապահ համակարգի տիրույթում է»: