ՆԱՏՕ-ն Հյուսիսային Եվրոպայի պաշտպանության շտաբը կտեղափոխի ԱՄՆ

ՆԱՏՕ-ն Դանիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի պաշտպանության պլանավորումը Նիդերլանդների Բրյունսյումում գտնվող շտաբից տեղափոխում է ԱՄՆ-ի Նորֆոլք քաղաք։ Այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտնել է ՆԱՏՕ-ի Եվրոպայում միավորված զինված ուժերի հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ի «հակառակորդները աշխարհի ողջ ծայրերում են, և այդ պատճառո խիստ կարևոր է առավելագույնս ամրապնդել եվրաատլանտյան տարածաշրջանը և դաշինքի դիրքերը Հյուսիսում»։

Փոփոխությունը ուժի մեջ է մտել այսօր, ինչի առթիվ հանդիսավոր արարողությունը կանցկացվի Ֆինլանդիայում։

Նշվում է նաև, որ Նորֆոլքի շտաբը արդեն պատասխանատու է Ատլանտյան օվկիանոսի, Արկտիկայի, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Միացյալ Թագավորության անվտանգության համար։

Աշնան սկզբից եվրոպական մի շարք երկրներում՝ այդ թվում Գերմանիայում, Դանիայում, Բելգիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և Լեհաստանում, օդանավակայանների ու այլ ռազմավարական օբյեկտների տարածքում բազմիցս գրանցվել են անօդաչուների հետ կապված միջադեպեր, ինչի պատճառով որոշ օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը։ Այս ֆոնին Դանիայի հատուկ ծառայությունները հայտարարել են Արևմուտքի դեմ Ռուսաստանի «հիբրիդային պատերազմի» մասին, սակայն Եվրոպայում դրոնների գործարկման մեջ Մոսկվայի ներգրավվածությունը պաշտոնապես չի ապացուցվել։